Բժիշկներ
ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Սիմոնյաններ – Բազարչյաններ
Ուշագրավ է, որ հայ նշանավոր բժշկական ընտանիքներից շատերը ստեղծվել են` միավորելով երկու տարբեր բժշկական «ազգանուններ»` այդպիսով դնելով բժշկական մեծ գերդաստանի հիմքը: Այդ կերպ է ստեղծվել նաև Սիմոնյան-Բազարչյան «մեծ ընտանիքը»:
Սիմոնյան-Բազարչյանների ընտանիքը Հայաստանի բժշկական նշանավոր գերդաստաններից մեկն է: Մեր երկրի առողջապահական համակարգի տարբեր ճյուղերի զարգացումը մեծապես կապված է նաև այս տոհմի անդամներից յուրաքանչյուրի անվան հետ: Բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է բժիշկների մի քանի սերունդ:
Գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արսեն Տիգրանի Սիմոնյանը, ծնվել է 21.02.1907թ. Թբիլիսիում: 1925թ. ընդունվել է ԵՊՀ բուժական ֆակուլտետ, որը հետագայում վերակազմավորվել է բժշկական ինստիտուտի: 1931թ. ավարտել է ուսումը Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում՝ ստանալով թերապևտի որակավորում: Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է Լենինական՝ որպես Առաջին հայկական հրաձգային գնդի բժիշկ:
1933թ. մինչև 1936թ. եղել է ԵրԲԻ ֆակուլտետային թերապևտիկ կլինիկայի և Խարկովի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ասպիրանտ, որտեղ պաշտպանել է «Արյան շրջանառության ապարատի ֆունկցիան» թեմայով թեկնածուական ատենախոսությունը:
Մինչև 1941թ., աշխատել է ներքին հիվանդությունների ախտորոշման ամբիոնում՝ որպես ասիստենտ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին զորակոչվել է բանակ և նշանակվել էվակոհոսպիտալի պետ և առաջատար թերապևտ:
Զորացրվելուց հետո 1945թ. Վերադարձել է ԵրԲԻ գիտամանկավարժական աշխատանքի` որպես ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի դոցենտ: 1951թ. պաշտպանել է «Նյութափոխանակությունը մալարիայի ժամանակ» թեմայով դոկտորական ատենախոսությունը, 1952թ. ԽՍՀՄ ԲՈՀ-ը նրան շնորհել է պրոֆեսորի գիտական կոչումը:
1954թ. մինչև կյանքի վերջը ղեկավարել է հոսպիտալային թերապիայի ամբիոնը:
«Երկարատև բեղմնավոր գիտագործնական գործունեության և հանրապետության ազգային առողջապահության ոլորտում վաստակի համար» 1961թ. Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով Ա. Սիմոնյանին շնորհվել է գիտության վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը:
Կլինիկական և գիտամանկավարժական դպրոցը Ա. Տ. Սիմոնյանը անցել է բժշկության առաջատար ներկայացուցիչների մոտ` պրոֆեսոր Ա.Ա. Մելիք-Ադամյան, ակադեմիկոս Լ.Ա. Հովհաննիսյան, պրոֆեսոր Կոգան-Յասնի, պրոֆեսոր Բ.Բ. Կոգան:
Զգալի է նրա մասնակցությունը հայրենական առողջապահության խնդիրների մշակման գործում: Առաջին անգամ նա է ներկայացրել մալարիայի ժամանակ ախտահարման մեխանիզմի բացատրությունը այդ հիվանդության տարբեր ձևերի և փուլերի ժամանակ, առաջին անգամ թերապևտների XII համամիութենական կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել նեֆրոզների պաթոգենեզի աուտո-ալերգիկ բնույթի պաշտպանությանը վերաբերող ելույթով:
Անվանի բժիշկն ուսումնասիրել և հաստատել է մի շարք գանգլիոբլոկատորների կլինիկական արժեքը սիրտ-անոթային (մասնավորապես կորոնար արյան շրջանառությունը), բրոնխիալ ասթմայի և ամբողջությամբ բրոնխային ծառի հիվանդությունների ժամանակ, մեծ ուշադրություն էր դարձվում լյարդի և լեղուղիների պաթոլոգիաներին, հատկապես, լյարդի ցիռոզի պաթոգենեզին, վերջին տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում պարբերական հիվանդությանը` հետազոտությունների արդյունքները 1966թ. ամփոփվեցին «Zur pathogenese der periodishen Krankheit» աշխատությունում (Ա. Սիմոնյան, Ա. Այվազյան, Շ. Բոստանջյան): Շնորհիվ լայն բազմագիտակության, Ա. Տ. Սիմոնյանը դարձավ 4 դոկտորական (այդ թվում նյարդաբանություն) 10-ից ավելի թեկնածուական ատենախոսությունների խարհրդական և ղեկավար: Ա. Տ. Սիմոնյանի հասարակական գործունեությունը սկսվում է 1947թ., երբ նա իր ուսուցիչների հետ (Գ.Ա. Հովհաննիսյան, Ա.Ա. Մելիք-Ադամյան, Ռ.Ի. Գյանջեցյան) դարձավ թերապևտների գիտական միության կազմակերպիչներից մեկը:
Հետագայում նա երկար տարիներ ղեկավարել է ընկերությունը, թերապևտների և գաստրոէնտերոլոգների համամիութենական միությունների վարչության անդամ էր:
Ա.Տ. Սիմոնյանի եղբայր Գրիգոր Տիգրանի Սիմոնյանը նույնպես բժիշկ էր: Նա սպորտի քարոզիչ էր: Նրա օրոք սկսեց զարգանալ սպորտը, մեծ ներդրում ունեցավ բուժական ֆիզկուլտուրայի զարգացման գործում: Երկար տարիներ Գ.Տ.Սիմոնյանը զբաղեցրել է IV վարչության պետի պաշտոնը: Շնորհիվ Գ. Սիմոնյանի, կառուցվել են առողջապահական մեծ կենտրոններ Դիլիջանում, Ջերմուկում, Ծաղկաձորում, Աղվերանում, Գագրայում և այլն:
Բժշկի մասնագիտությունն էր ընտրել նաև Արսեն Սիմոնյանի կինը՝ Էմմա Սերգեյի Մարտիկյանը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծնվել է 12.11.1907թ. Բաքվում, 1925թ. ընդունվել է Մոսկվայի պետական 2-րդ համալսարանի բուժական ֆակուլտետ (հետագայում Մոսկվայի Ն.Ի.Պիրոգովի անվան բժշկական ինստիտուտ), որն ավարտել է 1930թ.:
Վերադառնալով Հայաստան` աշխատել է 2-րդ կլինիկական հիվանդանոցում` որպես վիրաբույժ-օրդինատոր` ստանալով արգելված սահմանային շրջանների մուտքի թույլտվություն: Երկրաշարժից հետո որպես վիրաբույժ ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել դաշտային հոսպիտալի ծավալման և բժշկական օգնության ցուցաբերման գործում (ք. Սիսիան):
1935թ. ընդունվել է ԵրԲԻ 2-րդ վիրաբուժական կլինիկայի ասպիրանտուրան, և այդ ժամանակ էլ Հայկական ԽՍՀ առողջապահության ժողկոմի կողմից գործուղվել է պրոֆեսոր Պ.Ա. Գերցենի անվան (հետագայում Ի.Մ.Սեչենովի անվան) 1-ին ՄԲԻ վիրաբուժական կլինիկա:
Ատենախոսությունը չպաշտպանեց. հայրը և եղբայրը ձերբակալվել էին որպես ազգի թշնամիներ, նրանցից հրաժարվելու առաջարկից վճռականորեն հրաժարվել է:
Մինչև բժշկական գործունեությունը թույլ տվեցին աշխատել և աշխատեց 2-րդ կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում` որպես շարքային օրդինատոր:
Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է էվակոհոսպիտալի, այնուհետև մասնագիտացված վիրաբուժական հոսպիտալների առաջատար վիրաբույժ:
Այդ տարիներին կուտակած մեծ փորձը նա ամփոփեց և 1948թ. (լինելով հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ) պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը:
1952թ. – հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, որտեղ աշխատեց մինչև 1965թ.:
1964թ. պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը,1965թ. ստացավ պրոֆեսորի կոչում (ԽՍՀՄ ԲՈՀ): Է.Ս. Մարտիկյանի`Հայաստանում էխինոկոկի և դրա վիրաբուժական բուժմանը նվիրված դոկտորական ատենախոսությունը մինչ օրս «ելակետ» է տվյալ պաթոլոգիայի ուսումնասիրման համար:
Կլինիկական և գիտամանկավարժական դպրոցը Է.Մարտիկյանը անցել է առաջատար մասնագետների մոտ` պրոֆեսոր Պ.Ա.Գերցեն, պրոֆեսոր Գ.Լ.Միրզա-Ավագյան, պրոֆեսոր Գ.Ա. Մելքոնյան:
1965թ. առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց մանկական վիրաբուժության ամբիոնը, որը ղեկավարեց մինչև 1975թ.` հետո անցնելով պրոֆեսոր-խորհրդատուի պաշտոնին:
Է.Ս. Մարտիկյանը ստեղծել է մանկական վիրաբույժների դպրոց: Նրա ստեղծած ավանդույթները պատվով շարունակում է նրա լավագույն աշակերտներից մեկը` ամբիոնի վարիչի պաշտոնում նրան փոխարինած պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանը:
Է.Ս. Մարտիկյանի բնավորության առանձնահատկությունն էր կարողանալ ստեղծել բոլոր պայմանները երիտասարդ կադրերի կատարելագործման համար: Մանկաբուժական ֆակուլտետի երիտասարդ և տաղանդավոր շրջանավարտներին նա ուղարկում էր սովորելու Միության առաջատար մանկական վիրաբույժներ` պրոֆեսորներ Յու.Ֆ. Իսակովի, Ս.Յա. Դոլեցկու, Ա.Տ. Պուլատովի, Գաուէնի և այլնի մոտ, և ուշադիր հետևում էր նրանց հետագա առաջընթացին:
«Մայրս ցանկանում էր դառնալ օպերային երգչուհի: Բայց նրա հայրն այն ժամանակ ասաց, որ հանրապետությանը պետք են ոչ թե երգչուհիներ, այլ բժիշկներ: Ահա այդպես մայրս մեկնեց Մոսկվա, ընդունվեց երկրորդ բժշկական ինստիտուտ, որն այժմ կրում է Պերագովի անունը: Իրենց կուրսը շատ մեծ էր, նա ավարտեց և 1930 թվականին վերադարձավ Հայաստան: Ծնողներս իրար հետ ծանոթացել են բուհում սովորելիս: Մայրիկիս այստեղից 1935 թվականին ուղարկեցին ասպիրանտուրա, արդեն առաջին կլինիկան՝ Գերցենի անվան կլինիկան վիրաբուժական»,-պատմում է Էմմա Մարտիկյանի դուստրը՝ Նոննա Սիմոնյանը, որը առանց երկմտելու ընտրեց բժշկի մասնագիտությունը՝ շարունակելով ծնողների մասնագիտական ուղին: «Մայրս շատ մեծ կազմակերպիչ էր, նա շատ մեծ դպրոց թողեց: Հայաստանը, որ ունի մանկական վիրաբուժություն, մանկական վիրաբույժներ, անհամեստություն թող չհնչի, նաև մայրիկիս ներդրումն է: Նա առաջինն էր, որ այստեղ բացեց ամբիոն, բազմաթիվ երիտասարդների վերապատրաստման նպատակով գործուղեց աշխարհի տարբեր երկրների ինստիտուտներ՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Ռիգա, Տաշքենդ, բոլորը վերադարձան, և ստեղծվեց մանկական վիրաբուժությունը: Կարող եմ ասել, որ թե' հայրս, թե' մայրս, Մեծ հայրենական պատերազմի ժամանակ ունեցել են զգալի ներդրում՝ վիրավորներին աջակցելու հարցում»,-ասում է Նոննա Սիմոնյանը:
Նոննա Արսենի Սիմոնյանը ծնվել է 1938թ. Երևանում: Դրպրոցն ավարտելուց հետո 1955թ. ընդունվել է ԵրԲի բուժական ֆակուլտետը: 1962թ., որպես ավագ լաբորանտ, ընդունվել է ԵրԲԻ կատարելագործման ֆակուլտետի ախտաբանական դասընթացին, որտեղին նրան գործուղեցին Մոսկվայի Ընդհանուր պաթոլոգիայի և պատանատոմիայի ինստիտուտ ստաժավորման, որտեղ և նա սկսել է աշխատել թեկնածուական ատենախոսության վրա:
1967թ. Նոննա Սիմոնյանը ընդունվել է կլինիկական օրդինատուրա ախտաբանական անատոմիա մասնագիտությամբ, լինելով Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (այժմ Առողջապահության ազգային ինստիտուտ) առաջին կլինիկական օրդինատորը: Ավարտելով մասնագիտացումը` շարունակել է աշխատել ախտաբանական անատոմիայի ամբիոնում: 1969թ. Ն.Սիմոնյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: Նրա ուսուցիչներն են եղել ակադեմիկոս Վ.Վ.Պարինը և պրոֆեսոր Ֆ.Զ. Մեերսոնը:
1981թ. Ն. Սիմոնյանը զբաղեցրել է ինստիտուտի գիտական քարտուղարի, ուսումնական գծով պրոռեկտորի, կատարելագործման, վիրաբուժական ֆակուլտետներիի դեկանի, փոխտնօրենի, ուսումնական գծով խորհրդականի պաշտոնները:
Իր աշխատանքային 57 տարիները Ն. Սիմոնյանը նվիրել է երիտասարդ կադրերի կրթմանը, մասնագիտական զարգացմանը:
Ն.Սիմոնյանի երկարատև և անբասիր աշխատանքը բարձր է գնահատվել: Նա պարգևատրվել է ՀՀ Վարչապետ Մարգարյանի շնորհակալագրով, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Առողջապահության նախարարության պատվոգրով, ԱԱԻ 50-ամյակի կապակցությամբ ինստիտուտի ոսկե մեդալով:
Սիմոնյանների և Բազարչյանների ծանոթությունը սկսվել է դեռ պատերազմական տարիներին, երբ Ա.Ա. Բազարչյանի տատիկը` Սեդա Տիգրանի Ենգիբարյանը, Ա.Տ. Սիմոնյանի հետ աշխատել է նույն հոսպիտալում որպես ռենտգենոլոգ: Հետագայում միասին աշխատել են 4-րդ վարչությունում:
Բազարչյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Էլիզա Պողոսի Բազարչյանից: Լինելով հայտնի մանկաբույժ պրոֆեսոր Ա. Մասլովի աշակերտը` աշխատել է Հայաստանի բոլոր շրջաններում: Է. Բազարչյանը մեծ ներդրում է ունեցել հատկապես վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում` երեխաների շրջանում: Հաշվի առնելով Է. Բազարչյանի կազմակերպչական մեծ ունակությունները, նրան նշանակեցին այն ժամանակ շատ պատասխանատու` տուբերկուլոզի ԲԱՀ նախագահի պաշտոնում:
Էլիզա Բազարչյանը հիմնադրել, իսկ նրա եղբորորդին՝ Ալեքսանդր Գարուշի Բազարչյանը, շարունակել է զարգացնել բժշկական ավանդույթները:
Նա ծնվել է 1937թ. Երևանում: 1955թ. դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ: Ինստիտուտն ավարտելուց հետո ստաժավորվել է սրտային վիրաբուժություն մասնագիտությամբ Բակուլևի անվան ինստիտուտում (Մոսկվա), ապա ընդունվել է ասպիրանտուրա ԽՍՀՄ ԲԳԱ Ընդհանուր պաթոլոգիայի և պաթոլոգիական ֆիզիոլոգիայի ինստիտուտում:
Դեռ ուսանողական տարիներին Ալեքսանդր Բազարչյանը ուսանողական գիտական ընկերության անդամ էր, հատուկ ուշադրություն էր դարձնում պաթոֆիզիոլոգիայի հարցերին նվիրված աշխատանքներին: Նրա ուսուցիչներն են եղել պրոֆեսոր Ա. Սարգսյանը, ակադեմիկոս Վ. Պարինը, պրոֆեսորներ Ֆ. Մեերսոնը, Վ. Բուրակովսկին:
Թեկնածուական ատենախոսությունը (1965թ.) նվիրված էր սրտամկանի մոլեկուլյար մակարդակով կոմպենսատոր պրոցեսներին: Ատենախոսության թեմայով հոդվածները, որպես կանոն, տպագրվում էին այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են` «Доклады АН СССР», «Известия АМН СССР», «Cardiology»:
Ատենախոսության պաշտպանությունից հետո վերադարձել է Հայաստան և կես տարի ղեկավարել է բժշկական մայր բուհի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիան: Այնուհետև գործուղվել է Մոսկվա՝ աշխատելու դոկտորական ատենախոսության վրա: Վաստակաշատ բժիշկը կյանքից հեռացել է 1968 թվականին:
«Մենք ծագումով Կարսից ենք: Տեսականորեն Բազարչյան բժշկական տոհմի հիմնադիրը իմ պապիկի քույրն է, որը 18 տարի մեծ լինելով քույր-եղբայրներից, եկավ Հայաստան, ընդունվեց և ավարտեց բժշկական ինստիտուտը: Նա երկար տարիներ կազմակրեպիչ է եղել, ԲԱՀ-ի ղեկավար: Տևական ժամանակ զբաղվել է կազմակերպական աշխատանքով: Պապիկս բժիշկ չէր, նա զինծառայող էր, բայց իմ տատիկը՝ հայրիկիս մայրը, բժշկուհի էր: Սեդա Տիգրանի Ենգիբարյանը ռենտգենոլոգ էր և երկար ժամանակ եղել է ԱՆ չորրորդ վարչության պոլիկլինիկաներում և բուժհաստատություններում ռենտգենոլոգիայի բաժնի ղեկավարը»,-ներկայացնելով Բազարչյանների բժշկական կենսագրությունը՝ նշում է ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Ալեքսանդր Բազարչյանը:
Բազարչյանների բժշկական գիծն այժմ շարունակում է Ալեքսանդր Բազարչյանը:
1985-1991 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում:
Գիտական ատենախոսությունը պաշտպանել է՝ «Հայաստանում ծերերի առողջական վիճակը կյանքի որակը» թեմայով: «Բժշկական մասնագիտությունն ընտրելիս, կարծում եմ, այլընտրանք չունեի՝ հաշվի առնելով մեր ընտանեկան ավանդույթները:
Բազարչյանների ընտանիքում արդեն իսկ կանխորոշված էր ապագաս, չենք էլ մտածել այլ ընտրության մասին»,-տարիների հեռվից մասնագիտական ընտրության մասին նշում է Ալեքսանդր Բազարչյանը: Հայաստանում ու արտասահմանում Առողջապահության համակարգի երիտասարդ գործիչը մասնակցել է վերապատրաստման ու միջազգային որակավորման բազմաթիվ ծրագրերի: 2004 թ. նա անցել է REITOX Ակադեմիա TACIS հիմնադրամի դասընթացը, սովորել Ազգային կապի կետերի և թմրանյութերի վերաբերյալ տեղեկության ազգային ցանցերի հիմնադրամում կազմակերպված հանցագործության և թմրադեղերի դեմ պայքարի թուրքական ակադեմիայում (TADOC), 2003թ. REITOX Ակադեմիա SCAD հիմնադրամի դասընթաց, Թմրանյութերի և դրանցից կախվածության Եվրոպական մոնիտորինգի կենտրոն (EMCDDA) : 2001- 2004թ.թ. ձեռք է բերել CSIH Վկայական առողջապահության տեղեկատվական համակարգի դասընթացի վերաբերյալ, 1999-ին անցել Բժշկական տեղեկատվության և տեխնոլոգիայի կիրառման կոնսորտիում դասընթաց, Վերջինյան Ընկերակցության Համալսարանում (VCU): 1999-ին անցել է հետազոտական դասընթաց Մերիլենդի Համալսարանում, ԱՄՆ: 1998-99 թ.թ. Օրդինատուրա համաճարակաբանության ամբիոն, ՀՀ առողջապության ազգային ինստիտուտում(ՀՀ ԱԱԻ): 1991-93 թվականներին Ալեքսանդր Բազարչյանն անցել է օրդինատուրա՝ ՀՀ առողջապության ազգային ինստիտուտի (ՀՀ ԱԱԻ) ներքին բժշկության ամբիոնում: 1993 -94-ին եղել է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության օրենսդրության ամբիոնի ասիստենտ:
1994–1995թ.թ. ղեկավարել է «Դիագնոստիկա» բժշկական միավորման ուսումնական կենտրոնը: 1995-1997 Զինվորական ծառայության՝ կենտրոնական զինվորական հոսպիտալում զբաղեցրել է Ախտորոշման կենտրոնի պետի պաշտոնը: 1999-2005թթ. ԱՆ ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտում եղել է Համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ, ապա նույն ամբիոնի դոցենտ: Ա. Բազարչյանը 2001թ-ից համակարգում է Հայաստանում ծխախոտի դեմ պայքարը, իսկ 2005թ-ից նա համակարգում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագիրը: 2011-2013թ.թ. ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժինը:
2013-14թթ. զբաղեցրել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը, միաժամանակ ղեկավարել ԱՆ ԱԱԻ Առողջապահության տեղեկատվական և վերլուծական կենտրոնը: 2014 –ի դեկտեմբերից Ալեքսանդր Բազարչյանը ղեկավարում է Առողջապահության ազգային ինստիտուտը: «Շատ դեպքերում փաստաթղթերը, կանոնակարգերն ավելի մեծ դեր են խաղում մարդկային կյանքները երկարացնելու, փրկելու ուղղությամբ: Որոշեցի հանրային առողջապահությամբ զբաղվել, հիմնական մասնագիտությունս առողջ ապրելակերպի հիման վրա իմ մոտեցումներն են, դա ինձ հրապուրեց, և իմ թեկնածուական ատենախոսությունս նվիրեցի այդ հարցերի ուսումնասիրմանը: Համակարգի զարգացման տեսանկյունից հանրային առողջապահության նշանակությունը չափազանց մեծ է»,-նշում է Ա. Բազարչյանը: Հատկապես ծխախոտի ու թմրամիջոցների դեմ պայքարի վերաբերյալ հարցերով նա մասնակցել է մասնագիտական բազմաթիվ միջազգային կոնֆերանսների՝ հաճախ հանդես գալով՝ որպես ԱՀԿ խորհրդատու:
2012- 2013, 2014-2020 թ.թ. առողջապահության քաղաքականության ռազմավարության և 2014-2019 առողջ ապրելակերպի ռազմավարության մշակման աշխատանքային խմբի անդամ է:
Ալեքսանդր Բազարչյանը նաև գիտահետազոտական աշխատանքների հեղինակ է, ունի ավելի քան չորս տասնյակ զեկույց, հոդված և աբստրակտ: Համակարգել է 2003-2004 (առաջին), 2008-2009 (երկրորդ) և 2013-2014 (երրորդ) Հայաստանում երիտասարդության ծխելու գլոբալ ուսումնասիրություն (GYTS), ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի հետազոտությունները: ծխելու դեմ պայքարում ունեցած առանձնահատուկ ներդրման համար 2004 թվականին Ա. Բազարչյանն արժանացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվոգրի:
Բազարչյանների բժշկական ընտանիքի երրորդ սերունդը ներկայացնում է նաև Աննա Ալեքսանդրի Բազարչյանը: Նա ծնվել է 1962 թվականին, Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ (1980-86թթ.): Ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի աշխատել է Էջմիածնում որպես պատանատոմ: 1990-2011թթ. աշխատել է ԱԱԻ ախտաբանական անատոմիայի ամբիոնում որպես ասիստենտ: Աննա Բազարչյանը 2010 թվականից ղեկավարում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ախտաբանական անատոմիայի կենտրոնը:
Սիմոնյանների բժշկական երրորդ սերունդը ներկայացնում է նաև Արսեն Յուրիի Սիմոնյանը: Նա ծնվել է 1961 թվականին: 1980 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1986-ին ավարտել է բժշկական մայր ԲՈՒՀ-ը՝ բուժական գործ մասանգիտությամբ: 1986-87 թվականներին անցել է ինտերնատուրա՝ «Թերապիա» մասնագիտությամբ:
Արսեն Սիմոնյանը աշխատանքային գործունեությունը սկսել է 1987 թվականից: Մինչև 1991 թվականը նա եղել է Եղեգնաձորի ԿՇՀ-ի գլխավորի բժշկի՝ բուժական գծով տեղակալը: 1991-1993թթ. – Սկլիֆոսոֆսկու անվան աղետների նյարդաբանության ԳՀԿ դետոքսիկացիայի բաժնում որպես բժիշկ-դետոքսիկոլոգ: 1993-1995 թվականներին նա աշխատել է 2-րդ կլինիկական ծննդատան վերակենդանացման բաժանմունքում՝ որպես բժիշկ-թունաբան:
1995-2001 թվականներին «ԱԴԱՆԱ,» ՍՊՀ տնօրենի տեղակալ՝ բուժական հարցերով: 2002-2009 թվականներին` 2-րդ բուժմիավորումում ինտենսիվ թերապիայի բաժնում որպես բժիշկ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ: Արսեն Սիմոնյանը 2009-ից առայսօր 2-րդ բուժմիավորման ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարն է:
«Ծնվելով բժշկական ընտանիքում՝ ի վերուստ արդեն հայտնի էր, որ գնալու եմ այդ ուղղությամբ: Տատիկս և պապիկս կոչումով բժշկներ էին, նրանցից առաջին հերթին վերցրել եմ գործի հանդեպ չափազանց պատասխանատու վերաբերմունքը: Բացի գիտելիքները, բժշկության մեջ շատ կարևոր է ներքին զգացողությունը»,-նշում է տոհմի կրտսեր Արսեն Սիմոնյանը:
Նրա եղբայրը՝ Սերգեյ Յուրիի Սիմոնյանը, ևս բժիշկ է, բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-ռեանիմատոլոգ: Այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Արսեն Սիմոնյանի երկու որդիներից մեկը ևս ընտրել է բժշկի մասնագիտությունը:
Յուրի Արսենի Սիմոնյանը ծնվել է 1993 թվականի փետրվարի 27-ին: 2009թ-ին ավարտել է «Կուպալյան» վարժարանը և ընդունվել Հայկական Բշժկական Ինսիտուտի «Բժշկագիտություն» ֆակուլտետը:
Ունենալով բժշկագիտության բակալավրի աստիճան «Բուժական գործ» մասնագիտությամբ` 2014թ-ին ընդունվել է ՀԲԻ-ի մագիստրատուրա: Այժմ սովորում է մագիստրատուրայի 2-րդ կուրսում:
Ուսումնական պրակտիկան անցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում, ինչպես նաև՝ Շտապ բուժօգնության ծառայությունում: Մագիստրատուրան ավարտելուց հետո պլանավորում է շարունակել իր հետբուհական ուսուցումը կլինիակական օրդինատուրայում, «Վնասվածքաբանություն և օրթոպեդիա» մասնագիտությամբ:
Ա.Ա. Բազարչյանի դուստրը` Դիանա Բազարչյանը, որը դեռ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ է, մտադիր է շարունակել Բազարչյանների տոհմը:
---------------
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն